Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Պենտագոնը, ԿՀՎ-ն և սաուդցիները Պուտինի դեմ

Պենտագոնը, ԿՀՎ-ն և սաուդցիները Պուտինի դեմ
27.02.2016 | 10:10

Անցած շաբաթը լավագույնն էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համար: Նա պայմանավորվեց Սաուդյան Արաբիայի հետ սառեցնել նավթի արդյունահանումը ներկա մակարդակի վրա, համաձայնագիր կնքեց ԱՄՆ-ի հետ Սիրիայում մարտական գործողությունների դադարեցման մասին՝ հիմնականում իր պայմաններով: Բայց եկավ նոր շաբաթ: Էներգետիկ գները և սիրիական քաղաքացիական պատերազմը Պուտինին հիշեցրին՝ որքան արագընթաց կարող է լինել քաղաքական հաջողությունը: Չորեքշաբթի օրը Wall Street Journal-ի առաջին սյունակը վատ լուրեր էր հաղորդում:
Նավթի արդյունահանման սառեցման ձախողումը, իհարկե, կանխատեսելի էր: Ռուսաստանի ու Սաուդյան Արաբիայի պայմանավորվածությունը պիտի հաստատեին նավթ արդյունահանող մյուս երկրները: Երբ Իրանի նավթի նախարարը սառեցման գաղափարն անվանեց «անհեթեթ», գները սկսեցին վարընթաց շարժումը: Երևի Պուտինը չէր սպասում՝ որքան կտրուկ կլինի Սաուդյան Արաբիայի արձագանքը: Բառացիորեն մի քանի ժամից Սաուդյան Արաբիայի նավթային արդյունաբերության նախարար Ալի ալ Նաիմին հրապարակային նախազգուշացում արեց, որ իր երկիրը պատրաստ է նավթի գնանկմանը մինչև 20 դոլար բարելի դիմաց, եթե պետք լինի բիզեսից դուրս մղել մեծ ազարտ ունեցող արտադրողներին: Ռուսաստանի համար ավելի վատ նորություն դժվար է պատկերացնել, քան 20- դոլարանոց նավթը:
Երկրորդ նորությունը Պուտինի համար ավելի անսպասելի էր: Քանի դեռ նրա արտգործնախարար Սերգեյ Լավրովը պետքարտուղար Ջոն Քերիի հետ բանակցում էր Սիրիայում կրակի դադարեցման մասին, ԱՄՆ ռազմական ղեկավարությունը և հատուկ ծառայությունների ղեկավարները Սպիտակ տանը պատմում էին, որ իրենց այդ գործարքը դուր չի գալիս: Պաշտպանության նախարար Էշտոն Կարտերը կարծում է, որ դա «ռազմական խորամանկություն» է, որի մասին Wall Street Journal-ին պատմել է աշխատակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը: Էշտոն Կարտերը, շտաբի պետերի միավորված կոմիտեի նախագահ, գեներալ Ջոզեֆ Դանֆորդը, ԿՀՎ-ի տնօրեն Ջոն Բրենանը նախագահին հայտարարեցին, որ Ռուսաստանի հետ համաձայնագիրը հարվածի տակ է դնում Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ալյանսները: Նրանք առաջարկեցին նոր տնտեսական պատժամիջոցներ և աջակցության մեծացում սիրիական հակակառավարական ուժերին, նույնիսկ այն դեպքում, եթե կրակն իսկապես դադարի:
Պուտինը ցույց տվեց, որ պատրաստ է տևական, արյունահեղ ու թանկարժեք ռազմական արշավի՝ հանուն Սիրիայի ներկա կառավարության իշխանության պահպանության: Նա, իհարկե, հույս ունի, որ Բարաք Օբաման ու Ջոն Քերին շարունակելու են արգելակել ռուսական քաղաքականությանն ուղղված բոլոր հակագործողությունները: Բայց Wall Street Journal-ի հոդվածը ցույց է տալիս, որ Մոսկվան մշտական թշնամիներ է ձեռք բերել ի դեմս ԱՄՆ-ի ազգային անվտանգության համակարգի, որ Պուտինին համարում է տարածաշրջանի պայթուցիկ ուժ, և ոչ թե բանակցությունների գործընկերների վստահությանն արժանի երկիր: Նրանք մշակում են առաջարկներ, որպեսզի ռուսներին իրական ցավ պատճառեն: Պենտագոնը, ԿՀՎ-ն և սաուդական նավթի նախարարությունը կարող են և իրենց ուզածին չհասնել: Բայց նրանք ուզում են փորձել, և դա արդեն Վլադիմիր Պուտինի համար վատ նորություն է:
Ստիվեն ՍԵՍՏԱՆՈՎԻՉ, The Wall Street Journal


Հ.Գ.
Փետրվարի 27-ից պաշտոնապես հրադադարն ուժի մեջ է մտնում Սիրիայում: Մերձավոր Արևելքում դա ամենափառահեղ նորությունն է նրանց համար, ովքեր դեմ են պատերազմին, և ամենախայտառակ նորությունը՝ պատերազմ ցանկացողների համար: ԻՊ-ի և ահաբեկչական այլ խմբավորումների դեմ (մասնավորապես «Ջեբհատ ան Նուսրայի») կռիվը չի դադարել, բայց և Սիրիայի կառավարական ուժերը, և ընդդիմադիրները խոստացել են զենքը վայր դնել: ԱՄՆ-ի կոալիցիոն գործընկեր Թուրքիային դա այնքան էլ ձեռնտու չէ՝ քրդերի հարցի և ԻՊ-ի հետ կապերի առումով: Սաուդյան Արաբիային նույնպես՝ բոլորովին այլ պատճառով: Տարածաշրջանի մյուս պետությունները կողմ են կրակի դադարեցմանը: Սպասենք արդյունքներին: Սիրիայի պատերազմի դադարեցումը 2017-ի հունվարին հեռացող Բարաք Օբամայի համար շատ ավելի կարևոր ձեռքբերում է, քան ԱՄՆ-ի տարածաշրջանային ալյանսները, որոնք այս կամ այն կերպ փոխում են անդամներին ու հասցեները:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1477

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ